Ուսումնական ծրագիր.Իմացումի հրճվանք

Իմացումի հրճվանք

Մայրենի լեզու

1-3-րդ դասարաններ

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝

  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
  • բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում.
  • բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում.
  • ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
  • վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
  • լեզվական տարրական գիտելիքների յուրացում:

Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝

  • անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները.
  • կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
  • զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:

Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`

  • ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:

Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:

  • Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:

Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ,  ֆոտոշարքով ներկայացնելու:

  • Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:

Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում`  էլեկտրոնային հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի, մեդիագրադարանի,  դասարանական բլոգի, դասարանական կայքէջի միջոցով:

Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել: Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է, միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի, հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում: Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր, մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի, ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով, բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ, բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը. մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:

Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը: Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության զարգացմանը:

Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`

Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:

Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում էթվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:

Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու շնորհավորանքներ:

Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով /պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:

Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը:

Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են: Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը, կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:

Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական», «Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:

Առաջին դասարանցուն ներկայացվող պահանջներն են`

  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին.
  • Բացատրել, մեկնաբանել ծանոթ բառերի իմաստները.
  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը.
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին.
  • Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ.
  • Պատճառաբանել սեփական կարծիքը.
  • Թվարկել պատմության, հեքիաթի դեպքերն ըստ հերթականության.
  • Նոր ավարտ մտածել հեքիաթի, պատմության համար կամ փոխել ավարտը.
  • Նկարագրել ծանոթ առարկաները, երևույթները.
  • Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին: Կարևորվում է երևակայական, ստեղծագործական մտածողության զարգացումը, որն իր արտացոլումն է գտնում բանավոր և գրավոր աշխատանքներում`
  • Ծանոթ բառերը միացնելով` նոր, անսպասելի բառեր ստանալ և բացատրել.
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ:

Առաջին դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա՝

  • Կարդալ և հասկանալ 2-5 նախադասությամբ տեքստ.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել և ընդգծել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը գտնել.
  • 3-4 նախադասությունից կազմված պատմություն հորինել և գրել (մուտքագրել).
  • Շնորհավորանքներ և կարճ նամակներ գրել.
  • 1-2 նախադասությամբ ավարտել կիսատ թողած միտքը.
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
  • Հատուկ անունները գրել մեծատառով:

Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են: Կարևորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի, արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր և հասկանալի ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու, դիմացինին լսելու և հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը:

Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաև գրավոր`

  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով կոնկրետ տվյալներ.
  • Մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին.
  • Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան մեջբերումներ անելով.
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ.
  • Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին, պատասխանը հիմնավորել.
  • Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ.
  • Պաշտպանել սեփական կարծիքը.
  • Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ.
  • Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել.
  • Բարդ բառեր կազմել`միացնելով մի քանի անսպասելի բառեր և բացատրել դրանց իմաստը.
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց.
  • Փոփոխել ծանոթ առած- ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, պատմություններ.
  • Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:

Երկրորդ դասարանցին պիտի կարողանա`

  • Կարդալ և հասկանալ տեքստը.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել և բացատրել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը, միտքը, հատվածը գտնել, ներկայացնել.
  • 3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել այն իրադարձության մասին, որին ինքը մասնակցել է.
  • Նամակներ գրել.
  • Հրավիրատոմսեր պատրաստել.
  • Շնորհավորանքներ գրել.
  • 3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել / միտքը ձևակերպել, գրանցել. հորինած պատմությունը, նկարագրական շարադրությունը/.
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
  • Օժանդակ բայերը ճիշտ գրել / ներկա ժամանակ/.
  • Հատուկ անունները գրել մեծատառով.
  • Խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտ գրել.

Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն ավելանում են: Ավելանում է ավելի շատ ինքնուրույն աշխատելու չափաբաժինը, որի ընթացքում սովորողը կատարելով լեզվական հայտնագործություններ՝ ձեռք է բերում լեզվական նոր հմտություններ` դառնալով ավելի գրագետ: Դրան մեծապես նպաստում է իր հիմնականում գրավոր (նաև` բանավոր) խոսքը խմբագրելուն ու շտկելուն ուղղված աշխատանքները:

Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն են`

  • Ներկայանալ (անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, բնութագրել իրեն, նկարագրել, ներկայացնել նախասիրությունները…)
  • Նկարագրել իր միջավայրը, մարդկանց, նյութերը.
  • Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի վերաբերյալ կարծիք հայտնել.
  • Պատմել բնության երևույթների մասին, դրանք նկարագրել.
  • Բանավոր ներկայացնել կատարած բնագիտական և այլ փորձերը, ինքնուրույն կարճ հարցազրույց վարել անհրաժեշտ թեմայով.
  • Խմբի հետ պատմություն հորինել, շարունակել ընկերների հորինածը.
  • Հորինել և գրել ասելուկներ, հանելուկներ և պատմություններ.
  • Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը (ռոդարիական հնարքների կիրառում).
  • Կարդալ առաջադրանքը, հասկանալ և կատարել.
  • Կարդալ է 6-7 նախադասությամբ տեքստը և հասկանալ.
  • Գտնել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
  • Խմբավորել տրված բառերն ըստ հատկանիշների.
  • Կազմել բարդ և ածանցավոր բառեր.
  • 4-5 նախադասությամբ կապակցված խոսք կառուցել.
  • Ելնելով սեփական կենսափորձից` դատողություններ անել կարդացածի վերաբերյալ.
  • Ինֆորմացիա հաղորդել հասու բոլոր միջոցներով.
  • Ինֆորմացիա հավաքել և գրանցել.
  • 2-3 նախադասությամբ գրավոր լրատվություն պատրաստել դասարանական, դպրոցական իրադարձության մասին.
  • Շնորհավորական բացիկներ, հրավիրատոմսեր պատրաստել, 3-4 նախադասությունից կազմված ( նաև էլեկտրոնային) նամակներ գրել:

Երրորդ դասարանի աշակերտը պիտի կարողանա՝

  • Բանավոր և գրավոր հստակ, հասկանալի արտահայտել մտքերը.
  • Կարդալ (մտքում և բարձրաձայն) և հասկանալ կարդացածը.
  • Գրավոր և բանավոր համառոտել և ընդարձակել կարդացածը.
  • Մեկ-երկու նախադասությամբ բնութագրել ստեղծագործության կերպարներին և պատճառաբանել իր կարծիքը.
  • Գրածը խմբագրելու առաջին փորձերն անել` ավելորդ բառերը հանել, շտկել սխալ կազմված անհարթ նախադասությունը.
  • Հասկանալ և գործածել այն բառերը, որոնց իմաստը բացատրված է դասագրքում.
  • Տրված թեմաներով ստեղծագործական և նկարագրական շարադրություններ գրել:
  • Օգտվելով տեղեկատվական աղբյուրներից` (ինտերնետ, բառարան, գրքեր, լրատվամիջոցներ) տեղեկատվական նյութ ստեղծել կատարված իրադարձության, դեպքի, միջոցառման, ուսճամփորդության մասին.
  • Հարցաշար կազմել և հարցազրույց վարել :
  • Տեքստը վերարտադրել տարբեր դեմքերով (հերոսների, իր, հեղինակի, անտեղյակ կամ լավատեղյակ մեկի… անունից).
  • Թվարկել հերոսներին, նկարագրել և բնութագրել նրանց.
  • Ծանոթ տեքստից դուրս գրել կամ տեքստում նշել փոխաբերությունները, անծանոթ բառերը, դարձվածքները, առածները և այլն.
  • Մեկնաբանել, այլ բառով փոխարինել հանդիպած արտահայտությունները, բառերը, բառակապակցություններն ու դարձվածքները.

 

 

Տարրական դպրոցի (1-3-րդ դասարաններ) մաթեմատիկայի ծրագիր

 

Տարրական դպրոցի մաթեմատիկա առարկայի նպատակներն են` սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն, սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:

 

Ուսումնական գործիքներ.

Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), նոթբուք-նեթբուքեր (ներբեռնված Smart Notebook ծրագրով)քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ:

 

Առաջին դասարան -144 ժամ

 

Կրթական ընդհանուր խնդիրներ

Նպաստել երեխայի դպրոցական կյանքին ադապտացմանը, ծանոթացնել 20-ից փոքր բնական թվերի հետ, սովորեցնել դրանք գրել և կարդալ, դրանց հետ գումարման և հանման գործողություններ կատարել, թվերն օգտագործել հաշվում, համարակալում, չափում պահանջող կիրառական խնդիրներ լուծելիս և գործնական առաջադրանքներ կատարելիս, աղափար տալ երկրաչափական մարմինների և պատկերների մասին, սովորեցնել օգտվել պարզ աղյուսակներից:

Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ

Առարկաների հատկությունները (գույն,ձև, չափս, նյութ ):Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի:

Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ:

Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում:

Քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն, շրջան:Խորանարդ, ուղղանկյունանիստ, գունդ, քառանիստ (եռանկյուն բուրգ), կոն, գլան:

Առարկաների տարածական առնչություններ (վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ,միջև-մեջտեղը):

Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով:Նույնքան, շատ, քիչ:

Առարկաների միջև առնչություններ:Մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ, նեղ-լայն:

Տարածական-ժամանակային առնչություններ. Սկզբում-հետո, շուտ-ուշ:

 

Առաջին տասնյակ

1 թիվը: 1 թվանշանը: Շրջան:

2 թիվը: 2 թվանշանը: Մարդու մարմինը:

3 թիվը: 3 թվանշանը: 3 թվի կազմությունը: Եռանկյուն, կողմերը,գագաթները:

4 թիվը: 4 թվանշանը: 4 թվի կազմությունը: 4-ի սահմանում գումարում և հանում: Քառանկյուն, կողմերը, գագաթները: Քառանիստ, նիստերը, գագաթները:

5 թիվը: 5 թվանշանը: 5 թվի կազմությունը: 5-ի սահմանում գումարում և հանում:

6 թիվը: 6 թվանշանը: 6 թվի կազմությունը: 6-ի սահմանում գումարում և հանում:

Թվերի հավասարությունը և անհավասարությունը: Թվերի համեմատումը և գրառումը: Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը:

7 թիվը: 7 թվանշանը: 7 թվի կազմությունը: 7-ի սահմանում գումարում և հանում: Շաբաթվա օրերը:

8 թիվը: 8 թվանշանը: 8 թվի կազմությունը: 8-ի սահմանում գումարում և հանում:

9 թիվը: 9 թվանշանը: 9 թվի կազմությունը: 9-ի սահմանում գումարում և հանում:

O թիվը: 0 թվանշանը: Զրոյի հատկությունները գումարման և հանման գործողություններում:

Պարզ խնդիրներ հաշվելու, համեմատելու, գումարման և հանման վերաբերյալ:

 

Երկրորդ տասնյակ

Տասնյակ: 10 թիվը:

10-ի սահմաններում գումարում և հանում:

Հաշվում տասնյակներով:

Հաշվում տասնյակներով և միավորներով:

Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը:

Երկրորդ տասնյակի թվերի գրառումը:

Թվերի համեմատումը:

20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումն առանց կարգային անցումների:

20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը կարգային անցումներով:

Գումարման քառակուսային համակարգ:

Մեծություններ: Դրանց չափումը (երկարություն, զանգված, տարողություն, ժամանակ): Չափման միավորներ. սանտիմետր,կիլոգրամ,լիտր, ժամ:

Դրամ:

Ջերմաչափ: Ջերմաստիճանի որոշում:

Մեծությունների հատկություններ:

Պարզ խնդիրների լուծում:

 

 

 

 

 

 

Երկրորդ դասարան -144 ժամ

 

Ուսումնասիրել 20-ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը, դրանց համեմատումը, գումարման և հանման գործողությունները 1000-ի սահմանում, գաղափար տալ բազմապատկման և բաժանման գործողությունների մասին, շարունակել ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, ձևավորել հարց ձևակերպելու կարողություն:

Երկնիշ թվեր:

Աղյուսակներ: Դրանց օգտագործումը երկնիշ թվերի գրության համար:

20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը.տասնավորներ և միավորներ:

Տարվա ամիսները և դրանց օրերի քանակը:

Երկնիշ թվերի համեմատումը:

Երկնիշ թվերի գումարումը և հանումն առանց կարգային անցումների:

Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը:

Գումարման գործողության հատկությունները:

Երկնիշ թվերի գումարումը և հանումը, որոնց արդյունքը կլոր թիվ է:

Երկնիշ թվերի գումարումն ու հանումը:

Տվյալների հավաքագրում հարցումների միջոցով:

Տվյալների ներկայացում աղյուսակների միջոցով:

Խնդիրների լուծում:

Եռանիշ թվեր

Հարյուրյակ:

Հաշվում հարյուրյակներով:

Կլոր հարյուրյակների անվանումը և գրառումը:

Եռանիշ թվերի համեմատումը. Եռանիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:

Հազարի սահմանում թվերի գումարումն ու հանումը:

Խնդիրների լուծում: Հայտնի և անհայ տվյալներ:

Գծապատկերների , աղյուսակների օգտագործումը խնդիրների լուծման ընթացքում:

Բազմապատկում և բաժանում

Բազմապատկման գործողությունը:

Բազմապատկման տեղափոխական հատկությունը:

Բազմապատկում 1-ով և 0-ով:

Բազմապատկում 2-ով:

Բաժանման գործողության իմաստը:

Զույգ և կենտ թվեր:

3-ով բազմապատկելու և 3-ի վրա բաժանելու աղյուսակ:

Բազմապատիկներ:

4-ով բազմապատկելու և 4-ի վրա բաժանելու աղյուսակ:

Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ:

5-ով բազմապատկելու և 5-ի վրա բաժանելու աղյուսակ:

Բաժանարարներ:

6-ով բազմապատկելու և 6-ի վրա բաժանելու աղյուսակ:

7-ով բազմապատկելու և 7-ի վրա բաժանելու աղյուսակ:

8-ով բազմապատկելու և 8-ի վրա բաժանելու աղյուսակ:

9-ով բազմապատկելու և 9-ի վրա բաժանելու աղյուսակ:

Բաժանման և բազմապատկման բոլոր դեպքերի օրինակներ:

Առանց փակագծերի արտահայտություններում գործողությունների որոշման կարգը:

10-ով և 100-ով բազմապատկում և 10-ի և 100-ի վրա բաժանում:

Բազմապատկման զուգորդական հատկությունը: Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:

Մեծություններ

Երկարություն:Երկարության չափման միավորներ. սանտիմետր, մետր, կիլոմետր:

Զանգված.կշեռք, կիլոգրամ, գրամ:

Ժամանակ. Ժամացույց.

 

Երրորդ դասարան

 

Ուսումնասիրել բազմանիշ թվերը, գործողությունները դրանց հետ, գործողությունների հատկությունները և ցույց տալ կիրառության օրինակներ, ծանոթացնել թվագրության ոչ դիրքային համակարգերի հետ, շարունակել ծանոթացումը երկրաչափական պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, գաղափար տալ դատողության, ալգորիթմի, տվյալների, դրանց ստացման և մշակման մասին, ձևավորել գիտելիքներ և կարողություններ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ:

Բազմանիշ թվեր, թվագրության ոչ դիրքային համակարգեր

Քառանիշ թվեր:

Հնգանիշ և վեցանիշ թվեր:

Բազմանիշ թվի գրելը (թվանշաններով և տառերով) և կարդալը:

Աղյուսակների օգտագործումը բազմանիշ թվերը գրելու համար:

Թվային դասեր:

Բնական թվերի համեմատումը:

Բնական թվի կլորացումը մինչև նշված թվային կարգը:

Թվագրության հին հայկական և հռոմեական համակարգեր:

Պատկերների համընկնելը:

Պարզ պատկերները երկու հավասար մասի բաժանելը:

Համաչափություն ուղղի և կետի նկատմամբ:

Շրջան: Շրջանագիծ:

Բեկյալ: Բեկյալի երկարության հաշվում:

Պարագիծ: Ծանոթ բազմանկյունների պարագծերի հաշվում:

Մակերես:

Թվաբանական գործողությունները բազմանիշ թվերի հետ:

Բազմանիշ թվերի գումարումը և հանումը:

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:

Գումարման և հանման գործողությունների հատկությունները:

Եռանիշ և քառանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով:

Բազմապատկում 10-ով, 100-ով, 1000-ով (10.n) և բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի(10.n):

Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:

Երկարության միավորների միջև կապերը:

Զանգվածի միավորների միջև եղած կապերը:

Բազմանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով:

Բազմապատկման գրառումը սյունակով:

Բազմանիշ թվի բաժանումը միանիշ թվի վրա:

Բաժանման գրառումը <<անկյունով>>:

Բազմապատկման, բաժանման գործողությունների հատկությունները:

Բազմապատկումը երկնիշ թվով:

Ապրանքի գին-քանակություն-արժեք փոխկապակցվածությունը:

Բազմապատկումը եռանիշ թվով:

Բազմապատկման և բաժանման գործողությունների արդյունքների և դրանց բաղադրիչների անվանումները:

Զույգ և կենտ թվեր.զույգ թվի կեսը գտնելը, թվի բազմապատիկ:

 

Անգլերեն

Ռուսերեն

Մարմնակրթություն

Երաժշտություն

Սովորողներին ներկայացվող պահանջներ

Դպրոց-Պարտեզ

Մեդիատեխնոլոգիաների կիրառություն

Ուսումնական ճամփորդություններ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s