ՄՈՐ ԼԵԶՈԻՆ

Հայկական ժողովրդական հեքիաթ

Մի հինգ-վեց տարեկան երեխա է լինում։ Սա մի օր խաղ անելիս մտնում է հարևանի հավաբունը, տեսնում է էնտեղ հավը ձու է դրել, ձուն վերցնում է ու բերում տուն։

Մերն ասում է որդուն.

—Մենք հավ ու ձու չունենք, էդ որտեղի՞ց ես գտել։

— Չեմ գտել, մեր հարևանի հավաբնից եմ վերցրել։ Տեսա մարդ չկա, ես էլ վերցրի ու բերեցի տուն:

— Էդ ինչ լավ ես արել, բալա՛ ջան,— ասում է մերը,— թե կարաս էլի բեր։ Էդ ձուն տուր ինձ, հրես քեզ համար ձվածեղ անեմ՝ ուտես։

Էս տղան ձվածեղն ուտում է, համը մնում է բերանին ու հիմի քանի կարենում է, ձու է գողանում, բերում, տալիս մորը։

— Ապրի՛ իմ բալեն,— ասում է մերը,— դու բե՛ր, քանի կարաս բե՛ր, ամա տես՛, որ չբռնվես, տեսնող չլի, թե չէ շալվարդ կհանեն, բանջարով կծեծեն։

Էս երեխեն էնպես ուստա գող է դառնում, որ տասնմեկ-տասներկու տարեկանում սրա-նրա հավաբնից հավ ու ձու է, որ գողանում է ու բերում տուն։ Մարդիկ գեղով մեկ չեն կարենում գողին բռնեն։ Տղի մերն էլ ուրախանում է, որ որդին ճարպիկ է: Միշտ գովում ա տղին տուն բերածի համար։

Էս տղեն, որ դառնում է տասնվեց-տասնյոթ տարեկան, հիմի էլ օրերով կորչում է գեղիցը։ Մին-մին էլ մութ գիշերներով տուն է գալիս, ոչխար բերում, մորթում ուտում:

Քսան-քսանհինգ տարեկանում էս տղեն դառնում է շատ ճարպիկ, հայտնի ձիու գող։ Տղի օրն էլ մի օր չի։ Դատ ու դատաստանից փախած, անտուն ու անտեր, հենց մի քանի իր նման գող ավազակ ընկերների հետ է ժամանակ անցկացնում։

Մի օր էլ, երբ սրանց փողը պակասում է` չէ՞ որ քամու բերածը քամին կտանի, սրանք դուրս են գալի կողոպուտի, մարդկանց ճամփեն կտրում, որ թալանեն՝ ամա պատահած ճամփորդները ղոչաղ ու սրտոտ մարդիկ են լինում, թև ու թիկունք են տալի իրար, սրանց հետ կռվում։

Ընկերները փախչում են, իրանց գլուխն ազատում։ Տղեն մնում է մենակ, չորս կողմիցը շրջապատված, վախից վրա է ընկնում, խանչալը կոխում դիմացինի սիրտը։

Էլ ի՞նչ ասեմ։ Բռնում են, տալիս դատի: Դատարանը վճիռ է կայացնում:

Բերում են քաղաքի կենտրոնում, ժողովրդի միջին, կախաղան կանգնացնում։

Դահիճը պարանը գցում է տղի վզովը, սպասում է հրամանին, որ պատժի։

Էստեղ դատավորն ասում է.

— Մահապարտյա’լ, իրավունք ունես հայտնելու քո վերջին կամքը։

— Իմ վերջին կամքը,— ասում է տղեն,— սա է: Մուրազ ունեմ,— ասում է,— որ մեռնելուցս առաջ մորս մի հատ էլ տեսնեմ։

Բոլորը սպասում են մոր գալուն։

Մորը բերում են, տղի կախաղանի առաջին կանգնեցնում։

— Ա՛յ ժողովուրդ, — ձեն է տալի տղեն,— իրավունք ունի՞ որդին մահվանից առաջ իր մորը պաչի։

— Իրավունք ունի՛, իրավունք ունի՛,— գոռում է ժողովուրդը,— կնանիքը սկսում են լաց ու կոծը։

— Մոտիկ գնա՛, մոտիկ գնա՛, ա՛յ անբախտ մեր, վերջի օրհնանքդ տուր որդուդ, թող որ քեզ պաչի, մուրազը փորումը չմնա։

Մերը խելքը կորցրածի պես մոտենում է որդուն։

— Լեզու՛դ տուր,— ասում ա տղեն,— տու՛ր լեզուդ, որ պաչեմ։ Անիծելու տեղը, քու լեզուն միշտ գովել է ինձ գողությանս համար։ Մի՞տդ ա,— ասում է,— որ ես դեռ թիզ ու կես մի լակոտ էի, որ հավի ձուն գողացա, բերի տվի քեզ, դու ինձ գովեցիր, ձվածեղ արիր, տվիր ինձ։ Ինձ սիրելով արիր էդ բանը։ Պարանը վզիս, մահվան դռանը կանգնած, նոր եմ հասկանում մեր պապենական խոսքը, թե.

«Ձու գողացողը ձի էլ կգողանա»։

Ժողովուրդը սարսափած, շիվար ու մոլոր, իրենց տներն են քաշվում։

— Տե՛ր Աստված, էս ի՞նչ տեսանք մեր աչքովը, ի՞նչ լսեցինք մեր ականջովը։ Տերը ազատի ծնողին էս տեսակ օրվանից։

Մշակումը` Տ. Ավետիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s