Դ.Սոկոլով «Ճուտը»

չ

Մի կաղնի կար, սովորական կաղնի էր:  Էս կաղնու վրա մի դեղին բան կար:Էդ բանն ինչ էր, ոչ ոք չգիտեր:Մի օր պարզվեց, որ դեղին բանը դեղին ձու է, մեջն էլ դեղին ճուտ կա: Սովորական մի կաղնի էր` դեղին ձվով ու ճտով: Օրերից մի օր դեղին ճուտը ծառին ասաց.

_ Տխուր է քեզ հետ: Առավոտից իրիկուն ծպտուն չես հանում: Գնամ ուրիշ ծնողներ գտնեմ:

Ագռավները ծիծաղեցին.
_Սրան տեսեք, դեղնակտո’ւց, դու դեռ ձվից դուրս արի, հետո կտեսնենք:
Այդ ժամանակ ճուտը ձվով թռավ ճյուղից, թխկացրեց մեծ ագռավի մեծ քթին… ու մրթմրթաց`քո գործը չի’: Այդպես ձվոտ, ձվին կպած` ծիտը ծառից թռավ, գնաց: Գնաց իր համար նոր ծնողներ գտնելու: Ճամփին էլ մտածեց-մտածեց ու մտքում որոշեց` մի ախպերիկ էլ կճարի: Շատ թռավ, թե քիչ, թռավ հասավ մի ծովի, պառկեց ծովի ալիքին: Պառկեց, որ ճոճվի: Նայեց ներքև ու մի ութոտնուկ տեսավ:
Ոչ ա~չք, ոչ ակա~նջ, միայն` ճանկեր: Եվ ո՞նց էր դրանք նա օգտագործում, չես հասկանում` սողում էր հատակին, ձուկ էր որսում, ջրի ճանճերն էր քշում: Ճուտը ձայն տվեց.
_Ութոտնո՜ւկ, ա՛յ ութոտնուկ, արի միասին ապրենք:
Ութոտնուկն էլ բլթացրեց.
_Արի’:
Ճուտը ձայն տվեց.
_Արի’ այստեղ: Իմ ձվի մեջ տա~ք է, տա’ք, իսկ քո ծովում ցուրտ է, թաց:
Ութոտնուկը մտավ ձուն, ճուտը նորից թռավ մեծ ծովի վրա, այնքան բարձր, որ էլ ասելու չի: Շատ թռավ, թե քիչ, թռավ հասավ Կանաչ կղզի: Կղզին էլ հո կղզի չէր, մի հսկա հրեշ: Այս հրեշն այնքան էր անշարժ պառկել, որ նրա վրա խոտ ու ծառեր էին աճել, նույնիսկ մի մեծ նավահանգիստ ու մի քաղաք: Քաղաք` մարդկանցով: Իսկ այս հրեշը` անտեղյակ, հեչ պետքն էլ չէր, ամբողջ օրը հորիզոնին էր նայում: Միշտ մի բան էր ուզում տեսնել, բայց ոչ մի բան էլ չէր տեսնում, թեև աչքերը լավ էլ տեսնում էին ու լույս էին տալիս, մեկ-մեկ էլ կայծեր էին թռչում նրա աչքերից:
_Հրե’շ, ա’յ հրեշ, արի’ միասին ապրենք, միասին ուրախ կլինի:
-Հը~մ, -ասաց հրեշը,- դու լավ ընկեր ես երևում: Արի՛:
-Արի իմ ձուն, -ասում է ճուտը, -ներսում և’ սիրուն է, և’ լուսավոր: Իսկ դրսում փոշոտ է ու տխուր:
Հրեշը մի թեթև շարժվեց, որ իր մարդիկ հասցնեն նավ նստել, հետո մտավ ձվի մեջ:
Նրանք շարունակեցին թռչել, թռան ծովի վրայով, մութ անտառի վրայով: Շատ թռան, թե քիչ, տեսան մի տնակ, լուսամուտի մոտ` մի ծեր պապ: Ինքը շա~տ փոքր էր, բայց հսկա մի ականջ ուներ: Շատ էր մեծ, այնքան մեծ, որ ականջի ետևում էս խեղճ ծերուկը չէր էլ երևում:
_ Բարև, Ակա՛նջ պապ,- ասաց ճուտը:
_Ի~նչ ես ձայնդ գլուխդ գցել, ես քեզ լավ էլ լսում եմ:
_Ա՛յ Ականջ պապ, արի միասին ապրենք: Այստեղ լուռ է, մենք էլ խելոք ու լսող ենք:
Ականջ պապը վեր կացավ, տնքաց, ճռճռաց, փշտացրեց, ու հոպ` ձվի մեջ: Ահա, փոքրիկ, դեղին ճուտը, որ դեռ ձվից էլ դուրս չէր եկել. ինքն իրենից գոհ` թռավ ու գնաց, գնաց հասա~վ…հասավ մի տեղ, որը միայն ինքը գիտեր, կտցահարեց ձվի կճեպն ու լույս աշխարհ դուրս եկավ: Հետո ընկերների հետ կճեպն այնպես փակեց, որ ձուն նորից նոր ձու դարձավ: Այդ ձուն ճուտը կուլ տվեց: Հետո նա փոքրիկ երեխա դարձավ, որը հենց այս հեքիաթն էր լսում: Այդ օրվանից նրան օգնում էին իր ընկերները. ութոտնուկը` զգալ, հրեշը` տեսնել, իսկ Ականջ պապը.
_Այ քեզ Ականջ պա~պ, – ասում է պապը, -բոլոր հեքիաթներում` Ականջ պապ, հա Ականջ պապ: Հոգնել եմ, քնելու ժամանակն է, ափսոս հոգնել եմ: Ափսոս, պապը հոգնել է, թե չէ էլի կպատմեր: Գնամ, քնեմ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s