Սև քթերի կղզին

Ջաննի Ռոդարի

Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Neronia-ի ճանապարհներով, կարծեցի, թե Դիմակահանդես էր.մարդիկ բնականոն դեմքեր ունեին` բնականոն գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝վարդագույն.բայց դեմքերի մեջտեղում բոլորը սև քթեր ունեին, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթը բնականաբար ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
-Պարո՛ն, -ասաց նա, -եթե տեղացի չեք, լավ կանեիք չկատակեիք, եթե օտարերկրացի եք, ընդունեք այս իմ խորհուրդը.անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, ետ գնացեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց ետ նայելու:
-Ես օտարերկրացի եմ, -պատասխանեցի,-բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրե՛ք, -բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը աղաչական պարզելով, -նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ կրպակս փակել: Պետք է իմանաք, որ Neronia կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի որ իր քիթը պիտի սև ներկի:
-Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնացնեն առանց սև քթի, բանտ կնետեն, ցմահ, ու այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:
-Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
-Ես պանդոկապան եմ, թանկագին պարոն.ես իմ գործով եմ զբաղված: Ամեն իրիկուն հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե քիթս ինչ գույնի է:
Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ քթի գույն ուներ: Մարդիկ, սկզբում, սարսափով լի մի հայացք վրաս նետելուց հետո, ձևացնում էին, թե չէին տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին իրենց պահում, ասես ես գոյություն չունեի, կամ էլ, նայում էին մարմնիս միջով, ասես թափանցիկ լինեի:
Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
-Քաղաքացի՛, -ասաց ինձ խստորեն,-դուք խախտել եք օրենքը: Հետևեցե՛ք ինձ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջը: Հենց այդ պահին սկսեց անձրևել:
Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որ երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքի միջից:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ես ոստիկանին:-Ձեր քիթն ավելի սպիտակ է, քան իմը:
-Ճի՛շտ է,- ասաց մի տղեկ, որը լրագրեր էր վաճառում: -Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
-Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիքի տեր եմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
-Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , -գոռացի հավաքվածներին:
-Գնա՛նք թագավորի պալատի մոտ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
-Գնա՛նք, -գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:
-Արդեն զզվե՛լ ենք էս սև քթերից, -գոռաց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Neronia-յում.քիչ ժամերի ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քիթ ունեցող մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեին պահելու:
Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը, երբ արևն էր շողում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s