Եզոպոսի առակները

ՕՁՆ ՈՒ ԽԵՑԳԵՏԻՆԸ

Օձն ու խեցգետինն ապրում էին միասին: Բայց խեցգետինն օձի հետ վարվում էր պարզամտորեն ու բարեկամաբար, իսկ օձը միշտ նենգ էր ու խարդախ: Խեցգետինը շատ անգամ էր խնդրել, որ նա չարություն չպահի իր հանդեպ և իր հետ լինի այնպես, ինչպես ինքն է նրա հետ, բայց օձը չլսեց: Խեցգետինը զայրացավ, նրա քնած ժամանակ դարանեց, բռնեց օձի կոկորդից ու խեղդեց: Եվ տեսնելով, որ օձն ուղղվում է, խեցգետինն ասաց. “Էհ, սիրելիս, ոչ թե հիմա` մեռնելուց հետո պետք է այդպես ուղղվեիր, այլ այն ժամանակ, երբ խնդրեցի քեզ, իսկ դու չուզեցիր ինձ լսե>>:

Առակս կարելի է օգտագործել այն մարդկանց հանդեպ, որոնք կենդանի ժամանակ ընկերների հետ վատ են:

ԳՈՂ ՏՂԱՆ ՈՒ ՄԱՅՐԸ

Երեխան դպրոցում գողացավ ընկերոջ փոքրիկ գրատախտակը և բերեց տվեց մորը, իսկ մայրն իր գող տղային ոչ միայն չպատժեց, այլ նույնիսկ գովեց: Մյուս անգամ նա մի թիկնոց գողացավ ու մորը տվեց, և մայրն ավելի մեծ հաճույքով ընդունեց: Անցավ մի ժամանակ, երեխան մեծացավ, դարձավ պատանի և գողությունն էլ մեծացրեց: Մի օր էլ նրան գողության մեջ բռնեցին ու թևերը ոլորելով, տարան մահապատժի: Մայրը կուրծքը ծեծելով գնում էր նրա ետևից: Այդ ժամանակ տղան ասաց, որ մոր ականջին մի բան է ուզում ասել: Մայրը մոտեցավ, և նա ատամներով կտրեց մոր ականջը: Մայրն անարգեց իր պիղծ որդուն` հանցանքներդ քի՞չ են, որ հիմա էլ հարազատ մորդ ես վնասում: Տղան կտրեց նրա խոսքը. “Երբ առաջին անգամ գողացված տախտակը տվեցի քեզ, ինձ պատժեիր, այս բախտին չէի արժանանա, և ինձ մահվան դուռը չէին բերի”: Առակս ցուցանե, որ եթե մեղքը հենց սկզբից չպատժվի, կամաց-կամաց ավելի կմեծանա:

ԶԵՎՍՆ ՈՒ ՕՁԸ

Զևսը հարսանիք էր անում, և ամեն մի գազան` ով ինչ կարող էր, նվեր բերեց: Սողալով մոտեցավ նաև օձը` ատամների արանքում մի վարդ պահած: Զևսը նրան տեսավ և ասաց. “Բոլորից նվեր կնդունեմ, բացի քեզնից”: Առակս ցուցանե, որ վատ մարդկանց ծառայությունները վտանգավոր են:

ԱՂՈՎ ԲԵՌՆՎԱԾ ԷՇԸ

Աղով բեռնված էշը անցնում էր գետի միջով, բայց սայթաքեց ու ընկավ ջուրը: Աղը հալվեց, և էշի բեռը թեթևացավ: Էշն ուրախացավ, և հաջորդ անգամ, սպունգով բեռնված, երբ մոտեցավ գետին, կարծեց, որ նորից ընկնի, նորից ոտքի կկանգնի թեթևացած բեռով, և դիտմամբ սայթաքեց: Բայց այնպես եղավ, որ սպունգները ջրում ուռչեցին, էշը չկարողացավ այլևս բարձրանալ և խեղդվեց:
Այդպես էլ որոշ մարդիկ` սեփական խորամանկություններով իրենց հասցնում են դժբախտության դուռը:

ՁԻՆ, ԵԶԸ, ՇՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԸ

Զևսն արարեց մարդուն, բայց կարճատև կյանք տվեց նրան: Իսկ մարդը իր հնարամտության շնորհիվ, ցրտերը վրա հասնելուն պես, իր համար տուն կառուցեց ու տեղափոխվեց այնտեղ: Սաստիկ ցրտեր էին, անձրև էր տեղում: Եվ ահա ձին այլևս չդիմանալով սրարշավ վազեց մարդու մոտ ու ապաստան խնդրեց: Եվ մարդն ասաց, որ ձիուն ներս կթողնի միայն այն դեպքում, եթե նա իրեն նվիրի իր կյանքի մի մասը: Եվ ձին սիրով համաձայնեց: Շատ չանցած հայտնվեց և եզը, որ նույնպես փախել էր ցրտից, և մարդը նորից ասաց, որ նրան ներս կթողնի, եթե միայն նա իր կյանքի այսքան տարին տա իրեն: Եզը տվեց և մարդը ներս թողեց նրան: Վերջապես, մոտ վազեց շունը` ցրտից տանջահար, նույնպես տվեց իր կյանքի մի մասը և նույնպես ապաստան գտավ: Այդպես էլ եղավ, միայն Զևսի նշանակած տարիներին է մարդն, իրոք, լավ ապրում, որովհետև հասնելով մինչև ձիու տարիները` դառնում է գոռոզ ու պարծենկոտ, եզան տարիներին` աշխատավոր ու տառապյալ, իսկ շան տարիներին դառնում է կռվարար ու մրթմրթան:

Առակս կարելի է պատմել ծեր, չարաբարո և անտանելի մարդու վերաբերյալ:

ԵՐԿՈՒ ՇՈՒՆ

Մի մարդ երկու շուն ուներ, մեկին սովորեցրել էր որս անել, մյուսին` տունը պահել: Եվ ամեն անգամ, երբ որսաշունը դաշտից որս էր բերում, նա մի պատառ էլ տնպահ շանն էր նետում: Որսաշունը բարկացավ և պարսավեց մյուսին, որ ինքը որսի ժամանակ կաշվից դուրս է գալիս, իսկ նա ոչինչ չի անում և ուրիշի հաշվին գիրանում է: Բայց տնպահ շունը պատասխանեց. <<Ոչ թե ինձ պարսավիր, այլ տանտիրոջը, չէ՞ որ նա է ինձ սովորեցրել չաշխատել, այլ ապրել ուրիշի աշխատանքով>>:
Առակս ցուցանե, որ օգուտ չկա անբան որդիներին հայհոյելուց, երբ նրանց այդպես են սովորեցրել իրենց ծնողները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s