Հոգուս հատոր: Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը 1881թ.

Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում:Նա դեռ երկրորդ դասարանից փորձեր էր անում ստեղծագործելու: Տղան սովորում էր Ստեփանավանի դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն և օգտվում գրքերից: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան` Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.

Հոգուս հատոր, սրտիս կտոր,

Դասիս համար դու մի´ հոգար,

Թե կան դասեր, կա նաև սեր,

Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ,

Որ կենդանի մի պատանի,

Սերը սրտում դաս է կարդում:

Հետագայում, երբ տեսուչը տեղեկանում է նրանց սիրո մասին, ցանկանում է պատժել պատանուն, բայց Վերգինեի միջամտությամբ Թումանյանը խուսափում է պատժից: